«Թող անուն տա, թե չէ ինքն ապացուցում է, որ անգրագետ և սուտասան է». Օհանյանը` Փաշինյանին

ՀՀ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը անդրադարձավ ԱԺ–ի քննարկմանը և հորդորեց ռազմական գաղտնիքները հրապարակավ չքննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներին, բոլորին հորդորեց ՀՀ Զինված ուժերի, նրա քանական տվյալների, սպառազինության ու մարտական գործողությունների այս կամ այն դրվագին վերաբերող տեղեկությունները հրապարակային չքննարկել։ «Միայն ու միայն անգրագետ պետական և ռազմական կառավարումից հեռու մարդիկ կարող են այդպիսի տվյալները քննարկել հրապարակավ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց աղմուկ հանած Լելե Թեփեի օպերացիայից` ասելով, թե օպերացիայի հեղինակը մի գեներալ է եղել։

«Պետք է ստուգվի` զեկույցներն ինչքանով են ճշմարտացի եղել». Փաշինյանը` Շուշիի անկման մասին

«Եթե մեր կառավարության առաջին դեմքն ուզում է մի բան ասել, լավ կլինի, ճիշտ կլինի, որ անվանական ասի, հակառակ դեպքում ինքը ևս մի անգամ ապացուցում է, որ մեր կառավարության ղեկավարը անգրագետ, սուտասան, միայն ու միայն մանիպուլյացիաներով զբաղվող անձնավորություն է»,–ասաց Սեյրան Օհանյանը։

Պատասխանելով ինչքանով էր Հայաստանն ու մեր Զինված ուժերը պատրաստ սեպտեմբերի 27–ի լայնամասշտաբ հարձակմանը հարցին` Սեյրան Օհանյանն ասաց, որ ՀՀ–ն ու ԶՈւ–ն միշտ էլ պատրաստ են եղել մեր երկրի սահմանների անվտանգությունը պաշտպանելու համար։

«Այլ հարց է`այս պատրաստակամությունը կարո՞ղ էր արտահայտվել այս ղեկավարության օրոք` ոչ, և իրականությունը պատասխանում է այդ հարցին»,–ասաց նախկին նախարարը։

Անդրադառնալով ՍՈւ–30ՍՄ կործանիչներ ձեռք բերելուն, Սեյրան Օհանյանն ասաց, որ ՀՀ ԶՈւ–ի յուրաքանչյուր կատարելագործումն անհրաժեշտություն է, և դա վերաբերում է նաև ռազմական ավիացիային։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ «Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն»,– ասել էր նա։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ի հետ զրույցում արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և կրկին հաստատել նոյեմբերի 17-ի իր ասածը։

Օնիկ Գասպարյանը միաժամանակ չէր բացառել, որ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանությանը ցանկալի տարբերակով։