ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․Հայաստանում նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու դեպի Իրան երկաթուղային ուղու բացումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես նույն շղթայի տարբեր օղակներ։ Այս մասին նա հայտնեց այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Հայաստանը` որպես պղնձի հանքանյութով հարուստ երկիր, բնականաբար հետաքրքրություն է առաջացնում այդ ոլորտում ներդրողների մոտ։ Բայց մեր քննարկումները մեզ անընդհատ հանգեցնում են այն եզրակացության, որ այս հարցում ներդրումները, այնուամենայնիվ, կարևոր են։ Ճիշտ է, կա նաև Վրաստանի միջոցով ծովային փոխադրումներ իրականացնելու տարբերակը, բայց պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք շատ էական են դարձնում երկաթուղու գոյությունը»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ հիմնականը դեպի Իրան ու դեպի ՌԴ երկաթուղու բացումն է։
Դրանից հետո, ըստ նրա, հնարավոր կլինի ունենալ նոր պղնձաձուլարան` մշակման հետագա ցիկլերով։ Իսկ նոր ատոմակայանի կառուցումն այս պարագայում կունենա տնտեսական լուրջ հիմնավորում։
«Առաջին նախագահն ինձ ասաց` հողերն արդեն պետք է տաս». Նիկոլ Փաշինյանը գաղտնիք բացեց