Նախագահները պատրաստվում են հանդիպման. Սարգսյանը վրացերեն է գրում, Զուրաբիշվիլին` հայերեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վաղը Վրաստան կմեկնի իր գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վրացերեն գրառմանը։ Ընդ որում, Վրաստանի նախագահը Twitter- ի իր գրառումը շարադրել է հայերեն լեզվով. «Բարի գալուստ Վրաստան, պարոն նախագահ»։

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր Twitter–ի միկրոբլոգում վրացերենով գրել էր. «Ուրախությամբ սպասում եմ իմ գործընկերոջ՝  եղբայրական Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը վաղվա աշխատանքային այցի շրջանակում»:

Արմեն Սարգսյանը Վրաստանի մայրաքաղաք է մեկնում կնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ։

Սալոմե Զուրաբիշվիլին Արմեն Սարգսյանին Վրաստան է հրավիրել

Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը:

 Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: