ՄԻՊ–ը և դատախազությունն արձագանքել են լրագրողին հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքին

Թիրախավորելով լրագրողին` սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածել են նրա ու նրա մանկահասակ երեխայի լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Դատախազությունն արձագանքել է լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներին։

Ինչպես հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, դրանք դատախազությունից ուղարկվել  են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ լրագրողի գրառման մեջ նշված տվյալները ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարությամբ։

Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից․ ՄԻՊ

Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ևս գրություն է ուղարկելու ՀՀ ոստիկանություն։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Tert.am–ի լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալիքներ է ստացել  և դիմելու է ոստիկանություն։

Նա տեղեկացրել է, որ իրեն թիրախավորելով սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածել են իր և իր մանկահասակ երեխայի լուսանկարը։ Բոլոր այդ հրապարակումների ներքո առկա են կամ դրանք ուղեկցվում են իրեն ուղղված, իր լրագրողական գործունեությանը վերաբերող վիրավորանքներով, արժանապատվությունը նվաստացնող խոսքերով:

Օգտվելով առիթից` ՄԻՊ–ը հերթական անգամ հիշեցնում է, որ սոցիալական ցանցերում երեխաների լուսանկար կամ տեսանյութ հրապարակելու դեպքում հարկ է ցուցաբերել առավելագույն զգուշություն, քանի որ այդ կերպ օգտատերը կորցնում է լուսանկարի կամ տեսանյութի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն և օգտագործվել այլ անձանց կողմից, տարբեր նպատակներով։

Արման Թաթոյանը հանդիպել է շիրակցի գերիների հարազատների հետ

Հաշվի առնելով, որ դիմումն առնչվում է մասնագիտական օրինական գործունեության կապակցությամբ լրագրողին և լրագրողի երեխային սպառնալիքներ տալուն, այդ առումով թիրախավորելուն` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի ոստիկանություն` ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը։