ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ է տեղի ունեցել 2020-ի հոկտեմբերի 19-ին և դրանից հետո` ասելով, որ հրադադարի թեման շատ է շահարկումների առարկա դարձել։
«Վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով Արցախի նախագահի և ԶՈւ–ի գլխավոր շտաբի հետ` ես որոշել եմ, որ պետք է որոշակի նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի։ Այդ նպատակով հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` ընդդիմադիր։ Ես նրանց հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ՝ տեղեկացնելու»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ԱԽ նիստին մասնակցել են նաև նախագահն ու Վեհափառը, նույն օրն արտախորհրդարանական ուժերին է հրավիրել և տեղեկացրել որոշման մասին։ Միայն դրանից հետո, ըստ Փաշինյանի, նա զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ասել, որ ուզում է հրադադար տարածքների` 5+2 ձևաչափով։
Վարչապետը հավելեց` Պուտինին ասել է, որ փախստականների վերադարձի հետ կապված առարկություն չի լինի, եթե դա որևէ կերպ փոխկապակցվի ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ։ Դրանից հետո ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որն էլ ասել է` չի ընդունում Հադրութի դեօկուպացիայի և փոխստականների վերադարձի հարցը ԼՂ կարգավիճակի հետ ճշգրտման առաջարկը։
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել
«Մեկ դետալ էլ ասեմ, որի մասին մինչ այս չեմ խոսել` Ադրբեջանի նախագահի կողմից նաև ակնարկ է եղել, որ պետք է լինի ոչ թե տարածքների վերադարձ 5+2 ձևաչափով, այլ 7 տարածքների վերադարձ պետք է լինի։ Այսինքն` Ադրբեջանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի հարցը։ Եվ հենց սա է եղել ինչպես ապրիլյան, այնպես էլ վերջին պատերազմի հիմնական պատճառը»,–ասաց Փաշինյանը։
Նա պնդեց, որ իրենց իշխանությունը ԼՂ հարցի կարգավորումը ժառանգել են պատերազմական կարգավիճակում։