Հայաստանը փորձում է արագացնել Իրանի հետ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը

«Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման վերջնաժամկետը 2018–ից հետաձգվել էր 2019, հետո վերջնաժամկետ էր սահմանվել 2020թ.–ի տարեվերջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հաշվի առնելով Իրան-Հայաստան 400 ԿՎտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի կարևորությունը՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքներն արագացնելու համար։

Այդ նպատակով նախատեսվում է կառուցապատման գլխավոր կապալառու իրանական «Սանիր» ընկերության ԻԻՀ քաղաքացի հանդիսացող աշխատողներին ազատել Հայաստան մուտքի արտոնագիր ունենալու պահանջից ու դրա համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Հայաստանն Իրանում նոր պաշտոնյա կունենա

Կառավարության այս առաջարկը նախատեսված է ընդունել գործադրի վաղվա նիստում։

Որոշման նախագծում բերված հիմնավորման համաձայն` 2020 թվականի մայիսի 23-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը «Սանիր» ընկերության միայն 5 աշխատակցի է ՀՀ մուտքի վիզա տրամադրվել։

Ինչ վերաբերում է «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմանը, դրա վերջնաժամկետը վերջին անգամ հետաձգվել էր 2019թ–ին։ Նոր վերջնաժամկետ էր սահմանվել 2020թ. տարեվերջը։

Իսկզբանե ենթադրվում էր, որ շինարարությունը պետք է ավարտվի 2018 թվականին։

Հիշեցնենք նաև, որ դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Սանիր» ընկերությունը։

Ի՞նչն է թևեր տալիս Իրանին. Վարդանյանը` մեր հարևանի կոշտ հռետորաբանության մասին

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» օրերս հայտարարեց «Հրազդան-5» կայանի աշխատանքները դադարեցնելու մասին։ Պատճառների թվում նշվում էր նաև այն, որ կայանում արտադրված էլեկտրական էներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան` կառուցվող բարձր լարման օդային գծով։ Բայց այդ գծի  շինարարությունն  առ այսօր ավարտված չէ:

Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները

«Գազպրոմ Արմենիան» էլ սպառման ներկայիս ծավալներով չի կարողանում իրականացնել գազատուրբինային տեղակայանքի անհրաժեշտ վերանորոգումը։