ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու էին Ազգային ժողովում ծափահարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ծափահարում ենք, որովհետև Հայաստանն էլ, Արցախն էլ ապագա ունեն։ Եթե կա մարդ, որը մտածում է, որ Հայաստանն ու Արցախն ապագա չունի, հաջողություն բոլոր այդ մարդկանց»,–ասաց նա։
Լրագրողի հարցին, թե այդ ապագան արդյոք Հայաստանն ու Արցախն ունեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ, Սիմոնյանը հստակ պատասխանեց`այո, այնուհետև հունից դուրս եկավ, երբ լրագրողներից մի քանիսը չկիսեցին նրա կարծիքը։
«Այդ ապագան Հայաստանն ու Արցախը Միքայել Մինասյանի հետ չունի, Սերժ Սարգսյանի հետ չունի, Ռոբերտ Քոչարյանի հետ չունի։ Հայաստանն ու Արցախն ապագա ունեն. ծափահարություն, բոլորով, ցտեսություն» ,–վրդովված հեռացավ Սիմոնյանը։
Հիշեցնենք` այսօր Ազգային ժողովի «Իմ քայլի» պատգամավորները բավական ոգևորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում հնչեցրած ելույթներով, երկու անգամ ծափահարեցին նրան։ Դա բուռն քննարկման առարկա է դարձել ինչպես ԱԺ–ում, այնպես էլ՝ սոցցանցերում։