Հայաստանում «բեյբի բում» չի՞ լինի. նախարարի խորհրդականն ասաց` ինչ ծրագրեր են սպասվում

Նախատեսվում է բազմազավակ ընտանիքների երեխաների համար բակալավրում ուսումը և առողջական ծախսերն անվճար դարձնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․Հայաստանում այս տարի սպասվում է ծնունդների անկում։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը։

«Մենք 1981-ից Հայաստանում ունենք ժողովրդագրական խնդիրներ։ Հիմնական պատճառն արտագաղթն է։ Այս տարի ծնունդների անկում է սպասվում, քանի որ արդեն ամուսնական տարիքում է 2000-ականների սերունդը, որոնք 1980-ականների սերնդից 40 տոկոսով քիչ են. ամուսնություններ քիչ են լինելու», – ասել է Մարկոսյանը։

Նրա խոսքով` ծնունդների աճ անկախ Հայաստանում գրանցվել է միայն 2002-2010 թվականներին։ 2020-ին ի համեմատ 2019-ի 400–ով ավելի շատ երեխա է ծնվել (36400 36000-ի փոխարեն), սակայն դա մեծ չափանիշ չէ։

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը

«Բարձրացել է նաև մայրանալու միջին տարիքը` դառնալով 28։ Համաձայն սոցհարցումների` ընտանիքների մեծ մասը Հայաստանում ուզում են երկրորդ, երրրորդ երեխան ունենալ, սակայն հնարավորությունները թույլ չեն տալիս», – ասել է նա։

Այդ իսկ պատճառով պետությունը պետք է ծնունդներին նպաստող ծրագրեր իրականացնի։ Մարկոսյանի խոսքով` մշակվում է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բազմազավակ ընտանիքների երեխաների համար բակալավրում ուսումը և առողջական ծախսերն անվճար դարձնել։

«Կառավարությունն ավելացրել է նաև յուրաքանչյուր նորածնի համար տրվող գումարները։ Այս պահին առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքը պետությունից ստանում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1-ական միլիոն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ 1,5–ական միլիոն դրամ: 2021-ին ծնելիության բարձրացման ծրագրերի համար կառավարությունը նախատեսել է 526 մլն դրամ (մոտ 1 մլրդ դոլար)», – ասել է նա։

Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա

Վիճակագրության համաձայն՝ Հայաստանի բնակչությունը տարեցտարի նվազել է, բացառություն է կազմել 2012 թվականը։ Այդ տարի գրանցվել է 5,5 հազար բնակչի աճ։ 1992 թվականի սկզբին Հայաստանի բնակչության թիվը 3 մլն 633 հազար էր, իսկ այս տարվա չորրորդ եռամսյակում` արդեն 2 մլն 967 հազար:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանը աճող բնակչություն ունեցող երկիր չէ։ ՀՀ–ում 21-րդ դարի կեսին 2,8 մլն մարդ կապրի` ներկայիս 2,9 մլն փոխարեն։ Իսկ Ադրբեջանի բնակչության թիվը կաճի` 10 մլն-ից հասնելով 11-ի, Թուրքիայինը 82 միլիոնից կհասնի 98-ի, Իրանինը՝ 81 միլիոնից 103-ի։

Հարևան երկրներից միայն Վրաստանում բնակչության թվի անկում կլինի՝ 2050-ին այնտեղ 2,8 մլն մարդ կապրի` այսօրվա 3,7 մլն-ի փոխարեն։

Հեղափոխության շնորհիվ բարձրացել է ծնելիությունը. Փաշինյանը թվեր է ներկայացրել