ԵԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում

ԵԱԶԲ-ի ներկայացուցիչները կարծում են, որ այդ նախագիծն ապահովում է բարձր տեխնոլոգիաների փոխանցումը Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների ներսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է քննարկել Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության նախագծի ֆինանսավորման հարցը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

«Այդ նախագիծը, անկասկած, ոչ միայն կարևոր է ժամանակակից պայմաններում, այլև ինտեգրացիոն է, այն ապահովում է բարձր տեխնոլոգիաների փոխանցումը մեր մասնակից երկրներին», – ասաց նա:

Հայաստանում եթե անձը նախընտրում է Covid–ի դեմ կոնկրետ պատվաստանյութ, նրան չեն հերթագրում

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Արդյունաբերական քաղաքականության վարչության ղեկավարի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտնել էր, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստանում և Ղրղզստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության սկսման ուղղությամբ:

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ ասել էր, որ «Սպուտնիկ V»-ն գնելն ավելի ձեռնտու է, քան այն Հայաստանում արտադրելը:

Սակայն ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ երկիրը չի հրաժարվել ռուսական պատվաստանյութ արտադրելու մտադրությունից։ Բայց դա պատրաստած կադրերի, ենթակառուցվածքների առկայություն է ենթադրում։

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներմուծի նաև Չինաստանից. նախարար

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Երևանն ուզում է ապագայում գնել ավելի քան մեկ միլիոն դեղաչափ «Սպուտնիկ V»:

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան է բերվել ապրիլի 8-ի գիշերը։ Ռուսական պատաստանյութի երկու դեղաչափերի արժեքը 19 դոլար է կազմում։