ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պատրաստ են այցելել Ղարաբաղ. նրանք հայտարարություն են տարածել

Համանախագահներն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական գործունեությանը և հնարավոր ընդլայնմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ կարող են վերսկսել ղարաբաղյան ուղևորությունները, բայց հակամարտության կողմերը պետք է ապահովեն նրանց համար անարգել մուտքն ու երթուղիների առավելագույն ճկունությունը։

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 300 հայ պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ–ն՝ ադրբեջանցի 1 խոսնակի

«Համանախագահները պատրաստ են վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան` ներառյալ Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, իրենց գնահատողական և միջնորդական դերը կատարելու համար»,- ասված է ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ–ի կայքում։

Համանախագահները նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական գործունեությանն ու հնարավոր ընդլայնմանը, նրանք կողմերին կոչ են արել աջակցել նրա ջանքերին:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են