Ապրիլյանից 2 ամիս առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել միջանկյալ կարգավիճակից. վարչապետ

Փաշինյանը հայտարարել է, որ պնդումները, թե հանրաքվեի շուրջ պայմանավորվածություններ կային, մոլորություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. 2017-ին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը հասել էր իր կարմիր գծերին և նույնիսկ հատել էր դրանք։ Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո. Փաշինյանը նոր մանրամասներ հայտնեց

Նրա խոսքով` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2018-ի հուլիսի 16-ին «Արմենիա» ՀԸ–ին հարցազրույցում ասվել է, թե` ապրիլյանից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ խնդիրն Ադրբեջանի ներքին գործն է, և նա հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից։ Այսինքն, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցից։

«Ավելին, Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-15թթ. սկսած` արժանացել է միջնորդների աջակցությանը։ 2016-ի ապրիլյանը սկսվել է այն բանից հետո, երբ հայկական կողմին առաջարկվել է հրաժարվել միջանկյալ կարգավիճակից։ Այսինքն` ապրիլյանից 2 ամիս առաջ նման առաջարկ է արվել միջնորդների կողմից»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ պնդումները, թե հանրաքվեի շուրջ պայմանավորվածություններ կային, մոլորություն է։ Բանակցային փաթեթներում եղել է հանրաքվեի դրույթ, սակայն, ըստ նրա, նշված չի եղել, թե որտեղ է տեղի ունենալու այն։ Հարցն այն է, որ Ադրբեջանը միշտ ասել է, որ հանրաքվեն իր ամբողջ տարածքում պետք է անցկացվի։

«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան