ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ավարտից հետո լրագրողներին ասել է, որ Բելառուսը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների հաստատման գործում։ Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոն ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ նշելով, որ դա կարևոր քաղաքական որոշում է, որը պետք է դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը:
Բելառուսի նախագահն ընդգծել է. որ այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը գիտեն և՛ Բաքվում, և՛ Երևանում։
«Տա Աստված, որ այդ դժբախտությունը հարթվի, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների հոգում և սրտում բեկորներ չլինեն։ Մի հարցում ես համոզված եմ՝ իմ ընկերոջ ու եղբոր կողմից ոչ մի հաշվեհարդար չի լինելու, վրեժ չի լինելու», - ասել է Լուկաշենկոն։
Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանի հետ հարաբերություններում ամրապնդել վստահությունը։ Նա նշել է, որ Բաքուն ակնկալում է Բելառուսի ակտիվ մասնակցությունը ոչ միայն տարածքների վերականգնման գործում, այլև, որպես Հայաստանի գործընկեր ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների հաստատմանը: