ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է կոմունիկացիաների բացման գործընթացը տորբերդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար։ Նա այդ մասին խոսեց այսօր Ազգային ժողովում։
«Մենք հետևողականորեն գնալու ենք հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված հայտարարության իրականացմանը։ Մեզ համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել ՌԴ–ի և Իրանի հետ։ Սա կնշանակի, որ մենք կարողանում ենք տրանսպորտային ուղի դառնալ Պարսից ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս»,–ասաց վարչապետը։
Նա նշեց, որ Ադրբեջանի տնտեսական հզորացման գործում մեծ դեր է ունեցել նավթամթերքը, իսկ Հայաստանը տիրապետում է 21-րդ դարի «նավթի» 2 հսկա պաշարների` պղինձ և ջուր։ Փաշինյանի խոսքով` պետք է այնպես անենք, որ ՀՀ–ն ոչ թե հանքաքար արտահանող երկիր լինի, այլ մետաղական պատրաստի արտադրանք արտահանող երկիր։ Իսկ այս դեպքում, ըստ նրա, շատ կարևոր է կոմունիկացիաների բացումը։
Հիշեցնենք, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով զբաղվում է աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ: