Ադրբեջանից դատարկ վերադարձած ինքնաթիռի համար պատասխանատվություն կրելու է Ալիևը. Փաշինյան

Փաշինյանը հիշեցրեց, որ միջազգային կառույցներն այս հարցում ևս քննադատում են Ադրբեջանի պահվածքը, և այդ մասին ասված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկվա հայտարարության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունը գերիների վերադարձի հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում` Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու համար։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդդիմությանը մեղադրելով Ալիևի «փոխանցումն» ընդունելու համար։

«Չկա մի օր, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները չզբաղվեն գերիների, անհետ կորածների և զոհված մեր հայրենակիցների հարցերով»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինքը տասնյակ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ` գերիների վերադարձման հարցով։

«Թող Փաշինյանը գա ու պատասխան տա». գերիների հարազատները գիշերել են Շիրակի մարզպետարանում

Խոսելով վերջին դեպքից, երբ գերիներին Հայաստան տեղափոխելու համար Ադրբեջան մեկնած ինքնաթիռն այնտեղից դատարկ էր վերադարձել` Փաշինյանն ասաց. «Այդ իրավիճակի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը, որը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ ու չի կատարում դրանք»։

Փաշինյանը հիշեցրեց, որ միջազգային կառույցներն այս հարցում ևս քննադատում են Ադրբեջանի պահվածքը, և այդ մասին ասված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկվա հայտարարության մեջ։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։

Ապրիլի 8–ին լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

ՌԴ–ի համար գերիների խնդիրը վերջնականապես լուծված չէ, դա կարևոր արձանագրում է. Մինասյան

Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե գերիների հարցը լուծված է, Բաքվում այլևս չկան ռազմագերիներ, այնտեղ պահվում են մարդիկ, որոնք իբր անցել են սահմանը պատերազմի ավարտից հետո։