Դիմակի պատճառով երթուղայինում սպանություն կատարողը Արտաշատի 57–ամյա բնակիչ է. ՔԿ

Տղամարդը 39–ամյա բնակչի հետ վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել նրա կրծքավանդակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երևանում թիվ 54 համարի երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանություն կատարողը Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ.: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Սարսափելի դեպք Երևանի կենտրոնում. 54 համարի երթուղայինում տղամարդու են սպանել

Նշվում է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելուց բացի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այսօր երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը։

«Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ դիմակ չկրելու հետ կապված՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում են միջացառումներ՝ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Փախչելիս հեռախոսն ընկել է. «Գազելում» սպանություն կատարած անձի ինքնությունը պարզվել է