ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհվածների, անհետ կորած ու գերեվարված անձանց հարազատներին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` անդրադառնալով երեկ Ադրբեջանում բացված պուրակին։
«Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» բացումն ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է, որը մի կողմից արտահայտում է ադրբեջանական հասարակության շրջանում հայության նկատմամբ ատելության հսկայական պաշարը, մյուս կողմից հանդիսանում է այդ պաշարը սնուցող աղբյուր»,–նշված է Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով` այս ամենի մեջ ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը:
Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին
Ստեփանյանն ասում է, որ ցավակցությունների և մարդու իրավունքների համընդհանրության մասին աղաղակելու փոխարեն միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար:
Հիշեցնենք` Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի պուրակ, որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների լուսանկարներով արյունոտ մանեկեններ։
Ալիևը հայտարարել է, որ «Իսկանդերի» թեման քննարկել է Պուտինի հետ