Ո՞ւր է մեր ԱԳՆ հայտարարությունը. Մարուքյանը մեղադրեց իշխանությանն անգործության համար

ԼՀԿ նախագահի համոզմամբ` աշխարհին Ադրբեջանի իրական դեմքը բացահայտելու համար անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական աշխատանք կատարել և ոչ թե բավարարվել խորհրդարանական բարձրագոչ ելույթներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Ի՞նչ է անում Հայաստանը, որպեսզի Ադրբեջանում նման պուրակներ չբացվեն։ Այս հարցադրումով այսօր խորհրդարանի ամբիոնից ՀՀ իշխանություններին ու խորհրդարանական իր գործընկերներին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ձեզ թվում է, որ մենք մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա»,– ասաց նա` շեշտելով, որ խորհրդարանի  այսօրվա նիստը սկսվեց Ադրբեջանի հակամարդկային ու հայատյաց պահվածքի քննադատությամբ։

Հատուկ հայտարարություն կլինի. Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին

«Ձեր այսօրվա հայտարարություններն ու վերջին երկու ամսվա հայտարարություններն իրար հետ բռնու՞մ են։ Չեն բռնում։ Ուրիշ բան ասեմ` ո՞ւր է մեր ԱԳՆ հայտարարությունը։ Թե ձեզ թվում է, որ դուք այստեղ հայերեն լեզվով Ալիևին շան տուր եք տալիս, դա ինչ-որ ազդեցություն ունի՞ աշխարհի վրա»,– ասաց Մարուքյանը։

ԼՀԿ նախագահն արձանագրեց, որ աշխարհին Ադրբեջանի իրական դեմքը բացահայտելու համար անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական աշխատանք կատարել և ոչ թե բավարարվել խորհրդարանական բարձրագոչ ելույթներով։

Տեղեկացնենք, որ Բաքվում հայտնվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի պուրակ։ Պուրակը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան երկու հազար ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների լուսանկարներով արյունոտ մանեկեններ։