Ստեղծվել է իրավիճակ, որ Քոչարյանի արարքում հանցակազմ կա, և նա արդարացվել է. գործով դատախազ

Դատախազի խոսքով` Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործի հիմնավորվածությունը կարող է տալ դատարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ «Մարտի 1»-ի գործով ստեղծված ներկայիս վիճակն արդարադատության հետ համատեղելի չէ։ Լրագրողների հետ զրույցում իր տեսակետը հայտնեց գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվեց. կսպասեն թեստի պատասխանին

Նա նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի` Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը ստացել է քիչ առաջ և դեռ չի ծանոթացել հիմքերին։ Սակայն մամուլում Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դրվագներով արդեն իսկ կարծիք է կազմել որոշման մասին։

«Ինձ չեն համոզել այս գործով պաշտպանների դիտարկումները։ Կարծում եմ` առաջացել է վիճակ, որ անձի արարքում կա հանցակազմ, և նա արդարացվել է»,–ասաց Պետրոսյանը։

Լրագրողները նշեցին` Քոչարյանի պաշտպաններն ասում են, որ մեղադրանքն արդարացված չէ և քաղաքական բնույթ ունի, ի՞նչ կասի այդ մասին դատախազը։ Պետրոսյանը պատասխանեց` դա սուբյեկտիվ կարծիք է։ Նրա խոսքով` Քոչարյանին օրենքով սահմանված կարգով է մեղադրանք առաջադրվել, և դրա հիմնավորվածությունը կարող է տալ դատարանը։

Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. նա Նիկոլ Փաշինյանից 4 մլն դրամ է պահանջում

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող բոլոր անձանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Մինչ այդ ՍԴ–ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։