ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik․ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն՝ ապրիլի 7-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Ապրիլի 7-ին կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դիմել էի ՀՀ ոստիկանություն։ Ի պատասխան դիմումիս՝ տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն», - գրել է նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին մի քանի տասնյակ կանայք կազմակերպել էին երթ ու բողոքի ակցիա։ Կառավարության դիմաց նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և բերել էին նրան որպես «նվեր» թուրքական ֆես՝ «դուխով» գրությամբ։
Ոստիկանությունն այդ օրը բերման էր ենթարկել ակցիայի 15 մասնակցի, որոշների նկատմամբ կիրառվել էր անհամաչափ ուժ։
Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից․ ՄԻՊ