Քոչարյանը մեկուսացած է` մերձավոր շրջապատում կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել. պաշտպան

Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ. նա կորոնավիրուսի թեստ է հանձնել և սպասում է պատասխանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպան Արամ Վարդևանյանը կորոնավիրուսի թեստ են հանձնել և մեկուսացել։ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով այսօրվա դատական նիստի ժամանակ հայտնեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. նա Նիկոլ Փաշինյանից 4 մլն դրամ է պահանջում

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Քոչարյանը ներկա չէ նիստին։

«Ելնելով Քոչարյանի մոտ առկա ախտանշաններից` նա ունեցել է բժշկական ցուցում, որպեսզի կորոնավիրուսի թեստ հանձնի։ Փաստաթուղթը կա, որ նա բժշկական ցուցումով է հանձնել կորոնավիրուսի թեստ։ Հարցն այն է, որ նրա մերձավոր շրջապատում հաստատված կորոնավիրուսի դեպք է եղել` Քոչարյանը կոնտակտավոր է»,–ասաց Ալումյանը։

Նրա խոսքով` քանի դեռ թեստի բացասական արդյունք չի եղել, Քոչարյանը հայտնել է, որ չի ուզում վտանգել որևէ մեկին։
Ալումյանը հայտնեց նաև, որ դռնփակ նիստում կարող է հայտնել, թե ում հետ է կոնտակտավոր եղել Քոչարյանը։ Պաշտպանը միաժամանակ նշեց` եթե դատարանը գտնի, որ անհրաժեշտ է Քոչարյանի ներկայությունն այդ պայմաններում, ապա նա կներկայանա դատարան։

Պուտինը փորձում է հասկանալ Փաշինյանի ու Քոչարյանի դիրքորոշումն Արցախի հարցում. Հակոբյան

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի`Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։

Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՍԴ–ն այդ հոդվածը հակասահմանադրական էր ճանաչել Սահմանադրության մի շարք հոդվածներին։