Իրանում հայտնված ինքնաթիռը չի ապամոնտաժվել․ Քաղավիացիայի կոմիտեն հերքում է լուրը

Քաղավիացիայի կոմիտեն շատ մանրամասներ չի կարող հայտնել օդանավի՝ Իրանում հայտնվելու վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ «Fly Armenia Airways»–ի` Իրանում հայտնված օդանավը չի ապամոնտաժվել։ տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Իրանական կողմի հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը», - գրված է հաղորդագրությունում։

Քաղավիացիայում նաև նշում են, որ շատ մանրամասներ չեն կարող հայտնել օդանավի՝ Իրանում հայտնվելու վերաբերյալ, քանի որ գործն այժմ քննվում է քրեական վարույթի շրջանակում։

Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Fly Armenia airways» ավիաընկերության «Boeing 737» տիպի օդանավն առևանգվել է։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:

Ճաղարյանը նշել էր, որ օդանավը թռիչք է կատարել Էստոնիայի Տալլին քաղաքից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշվել է գնալ Արաբական Էմիրություններ` տեխսպասարկման, և «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Առևանգված օդանավում ուղևորներ չեն եղել․ քաղավիացիա

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է` ինքնաթիռը Հայաստան վերադառնա մարտի 3-ին։