Ում պարտվել էր, հետո հաղթեց. ինչպես է Կարապետյանը պատրաստվում ադրբեջանցիների հետ մարտին

2015 թվականից սկսելով հանդես գալ Հայաստանի ձյուդոյի հավաքականի կազմում` Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է հաղթող ու մրցանակակիր տարբեր կարգի մրցումներում։ 2018–ին հայ ձյուդոիստն արդեն Եվրոպայի չեմպիոն էր։ Բայց Կարապետյանի գլխավոր երազանքը դեռևս իրականացված չէ։
Sputnik

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը երազում է մասնակցել օլիմպիական խաղերին ու նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ֆերդինանդը պատմել է, թե ինչպես է հայտնվել ձյուդոյում։

Ձյուդոիստ հարևանները

Ֆերդինանդի կյանքում մեծ դերակատարում են ունեցել Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի մարզիկ, օլիմպիական խաղերի և աշխարհի փոխչեմպիոն Տամեռլան Տմենովն ու նրա մայրը։ Վլադիկավկազում նրանք միևնույն բակում էին ապրում։ «Տամեռլան Տմենովի ընտանիքի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք և ունենք։

Սուքիասյանները նվաճում են Ավստրիան. Երվանդը լավագույն հարձակվող է, Դավիթը` դարպասապահ

Մայրս խնդրել էր Տամեռնալնի մորը ինձ ձյուդոյի տանել։ Մի օր ես ու եղբայրս խաղում էինք բակում, Տամեռլանի մայրը մեզ կանչեց ու գրանցել տվեց մոտակայքում գործող ձյուդոյի սեկցիայում։ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո ես հանդիպել եմ և՛ Տամեռլանին, և՛ նրա մորը։ Ինձ շնորհավորել են, հիշել ենք անցած օրերը (ժպտում է)», - պատմում է Ֆերդինանդը։

Օսեթիան` երկրորդ հայրենիք

Ապրելով ու մարզվելով Վլադիկավկազում` հայ ձյուդոիստն իրեն միշտ էլ յուրային է զգացել Օսեթիայի մայրաքաղաքում։ «Վլադիկավկազում երբեք չեմ զգացել, որ տարբերություն դնեն հայի կամ օսի միջև։ Ի սկզբանե ես Ռուսաստանի անձնագիր չունեի, դրա համար էլ շատ մրցաշարեր եմ բաց թողել։ Նկատի ունեմ պատանի ու երիտասարդ տարիքային խմբերը։

23 տարեկանում, երբ ստացա անձնագիր, Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում մեդալ նվաճեցի, իսկ մեծահասակների եզրափակչում, կարելի է ասել, ինձ մրցավարները հաղթեցին։ Դենիս Լավրենտևին պարտվեցի մրցավարական սխալի պատճառով, իսկ երբ տեղափոխվեցի Հայաստանի հավաքական, հենց առաջին միջազգային մրցաշարում մրցեցի Լավրենտևի հետ ու հաղթեցի նրան», - նշում է Կարապետյանը։

Հայաստանի հավաքական տեղափոխվելը

Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հրավեր Ֆերդինանդը բազմիցս ստացել է, բայց տեղափոխվել է 2015–ին։ «Ռուսաստանում մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Ես անընդհատ հավաքների մեջ էի, բայց մրցաշարի մասնակցելու հնարավորություն չէի ստանում։ Ոչ մեկին էլ չէի զիջում, բայց ինձ հանդես գալու հնարավորություն չէին տալիս»,–ասում է հայ ձյուդոիստը և հավելում, որ շատ բաներից զրկվեց Ռուսաստանը թողնելուց հետո, բայց ուզում էր իրեն ցույց տալ միջազգային մրցումներում։

Ում պարտվել էր, հետո հաղթեց. ինչպես է Կարապետյանը պատրաստվում ադրբեջանցիների հետ մարտին

Մարզիկի դիտարկմամբ` հիմա Հայաստանում բարձրակարգ ձյուդոիստների թիվը խիստ կրճատվել է ֆինանսական խնդիրների պատճառով։

Դպրոցների տարբերությունը

Ֆերդինանդ Կարապետյանը երկար ժամանակ մարզվել է Ռուսաստանում, դարձել Ռուսաստանի առաջնության փոխչեմպիոն։ Հիմա ներկայացնելով Հայաստանը` հայ ձյուդոիստը մեծ տարբերություններ է տեսնում երկու երկրների ձյուդոյի դպրոցների միջև։ «Ցավոք սրտի, մեծ տարբերություն կա Ռուսաստանի ու Հայաստանի ձյուդոյի դպրոցների միջև, և դա Հայաստանի օգտին չէ։ Հայաստանում ձյուդոիստների համար պրոֆեսիոնալ ակումբ չկա։ Կոնկրետ պատճառներ չեմ կարող ասել, բայց Հայաստանը հետ է մնում ձյուդոյի զարգացման առումով», - ասում է նա։

Սկզբունքային գոտեմարտերը

Կարապետյանի կարծիքով` ձյուդոյում հաջողության հասնելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել վրիպումները։ Բոլոր գոտեմարտերին էլ հայ ձյուդոիստը նախապատրաստվում է առավելագույն ուշադրությամբ, բայց ադրբեջանցի ձյուդոիստների հետ գոտեմարտերը, միևնույնն է, տարբերվում են մյուսներից։

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

«Թե՛ ես, թե՛ իրենք յուրովի ենք տրամադրվում այդ գոտեմարտերին։ Անչափ ուշադիր եմ գործում, երբ մրցակիցս ադրբեջանցի է։ Օրինակ` Ռուստամ Օրուժովին, որը հայտնի ձյուդոիստ է և իմ սկզբունքային մրցակիցը, մինչև Տաշքենդի գրան պրին պարտվել էի նրան, բայց Ուզբեկստանի մայրաքաղաքում հաղթեցի մաքուր գցումով», - պատմում է Կարապետյանը։

Պարող ձյուդոիստը

Կարծես թե ընդունված բան է, որ ըմբիշները շատ լավ պարում են, Կարապետյանը գտնում է, որ ձյուդոիստներն էլ կարող են հետ չմնալ, հատկապես որ կովկասցիները կրակոտ պարերի սիրահար են, ու ինքը բացառություն չէ այդ առումով։

Հայ անպարտելի մարզիկների տասնյակը. նրանցից ո՞վ կարող է Նուրմագոմեդովի պես անպարտելի լինել

«Կովկասում շատ տարածված է լեզգինկա պարը։ Ես էլ և՛ սիրում եմ, և՛ պարում։ Չեմ կարող ասել, որ շատ լավ եմ պարում, բայց լսելով երաժշտությունը, միշտ էլ ոտքի եմ կանգնում ու տեղ տալիս էմոցիաներին, առանց որի լեզգինկան չի լինում»,- ասում  է Ֆերդինանդը։

Ընտանիքի և պետության աջակցությունը

Ֆերդինանդը գտնում է, որ իր հաջողությունների մեջ մեծ ներդրում ունեն իր ընտանիքին ու պետությունը։ «Եղբայրներս միշտ հետևում են իմ գոտեմարտերին, իսկ ծնողներս չեն կարողանում են դիտել, միայն անհամբեր սպասում են արդյունքներին։ Բացի այդ նաև պետության աջակցությունն եմ զգում։ Ես ամեն ինչ անում եմ, որ Հայաստանի դրոշը բարձրանա ու հնչի մեր օրհներգը։ Առանց աջակցության ես ոչ մի արդյունքի չեմ կարող հասնել, դրա համար էլ բոլորից շնորհակալ եմ»,- ասում է ձյուդոիստը։

Օլիմպիական խաղերին մասնակցելու շանսեր Ֆերդինանդ  Կարապետյանը դեռ ունի։ Միջազգային մրցաշարերում արդյունքի հասնելով ու միավորներ վաստակելով` նա կարող է բարելավել իր վարկանիշն ու ընդհուպ մոտենալ առայժմ անհասանելի երազանքին՝ օլիմպիական մեդալին։ Մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկը դեռևս կան կարևորագույն մրցաշարեր, որոնց հայ ձյուդոիստը նախապատրաստվում է ամենայն լրջությամբ։