ՌԱԴԻՈ

Բաքվից եկող հայտարարությունները պետք է համարժեք ընկալվեն պաշտոնական Երևանում. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակահայկական հայտարարություններին։
Sputnik
Բաքվից եկող հայտարարությունները պետք է համարժեք ընկալվեն պաշտոնական Երևանում. պատգամավոր

Տաթև Հայրապետյանի դիտարկմամբ` առաջին անգամ չէ, որ Ալիևը Հայաստանի նկատմամբ հանդես է գալիս տարածքային հավակնություններով, իսկ ինչ վերաբերում է վերջին աղմկահարույց հայտարարություններին, ապա պատգամավորը հիշեցրեց, որ երբ դրանք հնչեցին, և միջազգային հանրության ու իրենց կողմից արժանացան պատասխանի, Ալիևը փոխեց հռետորաբանությունը` նշելով, որ խոսքը զենքի ուժի կիրառման մասին չէ, հետևաբար ակնարկեց այլ ուղիների ու ճանապարհների մասին։ 

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 300 հայ պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ–ն՝ ադրբեջանցի 1 խոսնակի

«Բաքվից եկող հայտարարություններն իսկապես պետք է համարժեքորեն ընկալվեն պաշտոնական Երևանում։ Պետք է մեր միջազգային գործընկերներին ներկայացնենք, թե ինչպես է դիրքավորվել Ադրբեջանը հետպատերազմական փուլում, ինչպես և այն, ինչ մենք տարիներ շարունակ պնդում էինք, որ խնդիրը ղարաբաղյան հակամարտության մեջ չէ, այլ ավելի խորքային է ու ընդգրկուն։ Խոսքն իրականում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականության մասին է, ինչի վառ ապացույցն Ալիևի խոսքերն են։ Մենք պետք է հնչեցնենք համարժեք գնահատականներ, անենք հետևություններ և հասկանանք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք այս նոր իրավիճակում մարտահրավերներին հավուր պատշաճի դիմակայելու համար»,– նշեց ադրբեջանագետ պատգամավորը։

«Անկախ այն հանգամանքից, թե հաճախ ինչպես է դիրքավորվում պետությունը, նման հայտարարությունները մեր հանրության վրա թողնում են խորքային հետք, և Ալիևի վախերը նաև դրանով են պայմանավորված։ Նա շատ դառնությամբ է հիշում արցախյան առաջին պատերազմում կրած ծանր պարտությունը և վերջին պատերազմի համատեսքտում ծանր է վերաբերվում այն իրողությանը, որ հայատյաց ու ցեղասպան քաղաքականության արդյունքում այնուամենայնիվ չկարողացավ լուծել արցախյան հիմնախնդիրը։ Եվ դա շնորհիվ նաև մեր հերոս տղաների, մեր արի զինվորների, որոնց հիշատակն Ալիևը փորձում է անարգել»,– ասաց ադրբեջանագետ պատգամավորը։

Հայրապետյանի կարծիքով` միակողմանի խաղաղասիրական քաղաքականություն չի լինում, և որքան էլ Հայաստանն իրապես ձգտի ու անկեղծորեն ջանքեր գործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման, կայունության ձեռքբերման համար, ոչինչ չի ստացվի, եթե հակառակ կողմից վարվում է ամբողջությամբ այլ քաղաքականություն։ Այդուհանդերձ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Ալիևի գործողությունները չպետք է մեզ դրդեն ապակառուցողական պահվածք որդեգրելուն։ 

Ադրբեջանը մոնումենտալացնում է մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը. ԱԳՆ

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ Հայաստանի հետ հետագա հարաբերություններին, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։

Այսպես, Ադրբեջանի Հանրապետության նախագահը հերթական անգամ Հայաստանի Սյունիքի մարզն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածք» և խոստացել է, որ ադրբեջանցիները կվերադառնան Երևան, բայց ոչ տանկերով, ինչպես նաև խորհուրդ է տվել ՀՀ իշխանություններին հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից ու փոխել Սահմանադրությունը

Նշենք նաև, որ ապրիլի 12–ին Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: