Անժելա Էլիբեգովայի դիմումի հիման վրա սուտ մատնության հիմքերով քրեական գործ է հարուցվել

Ազգային անվտանգության ծառայությունը վերադարձրել է շուրջ երկու ամիս առաջ Էլիբեգովայից առգրավված տեխնիկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի դիմումի հիման վրա դատախազությունում քրեական գործ է հարուցվել սուտ մատնության հիմքերով։ Տեղեկությունը հայտնում է Էլիբեգովան` Facebook–ի իր էջում։

«ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս։ Գլխավոր դատախազությունը բավարարեց բողոքս և հարուցեց քրեական գործ իմ դեմ սուտ մատնության փաստով»,–գրել է Էլիբեգովան։

Հիշեցնենք` դեռ փետրվարի 21-ին ադրբեջանագետը հայտնել էր, որ սկզբում որոշել էր լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց հետո չափերն անցել են:

«Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտություն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու»,–գրել էր նա։

Դրանից հետո նա հայտնել էր, որ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։

Նշենք, որ լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ–ն դավաճանության հոդվածով է առգրավել Էլիբեգովայի համակարգիչը, որի մեջ իբր տեղեկություններ են եղել, որոնք նա պետք է ՀՀ ՄԻՊ–ին փոխանցեր, բայց Ադրբեջանին է փոխանցել։

Իրականում Էլիբեգովայի համակարգիչներն առգրավել էին փետրվարի 19-ին` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի դեմ հարուցված «ֆեյքերի» գործով։

«Չեմ կարծում, որ մենք սխալ ուղու վրա ենք». ԱԱԾ փոխտնօրենը` «ֆեյքի գործի» մասին