ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Ապրիլի 17-ին բարեգործական համերգ կանցկացվի Երևանի Mezzo Classic House Club ակումբում։ Ամբողջ հասույթը կտրամադրվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ «Զինվորի տանը»` վիրավոր զինծառայողների բուժման ու վերականգնման ծախսերը հոգալու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց For lades club–ի համահիմնադիր Մարիամ Մարտիրոսյանը։
Համերգի կազմակերպիչներն են For lades club–ը, «Լույսի աշխարհ» ՀԿ–ն ու Mezzo Production–ը։
«Մենք սկսեցինք մեր գործունեությունը սեպտեմբերի 24-ին, իսկ պատերազմը սկսվելուց հետո որոշեցինք ներգրավվել թիկունքային աշխատանքներում։ Այժմ մեզ համար կարևոր է կրկին վերհանել ու բարձրաձայնել վիրավորների բուժման ու վերականգնման հարցերը։ Այս համերգի միջոցով մեր ներգրավվածությունն ենք ունենալու տղաների աջակցության հարցում։ Դա մեզ համար կարևոր է»,– նշեց Մարտիրոսյանը։
Նա նաև հավելեց, որ համերգները շարունակական բնույթ են կրելու, իսկ ելույթ ունեցող աստղերը չեն վարձատրվելու։ Ի դեպ, այս անգամ բեմում լինելու են Արսեն Սաֆարյանը, Միհրան Ծառուկյանը, Դավիթ Ամալյանը, Արթուր Խաչենցը և այլ հայտնի երգիչ–երգչուհիներ։ Մի քանի տասնյակ աստղեր ցանկություն են հայտնել մասնակցել ապագայում կազմակերպվող համերգներին։
«Մենք բոլորս պարտավորվածություն ունենք այդ տղաների հանդեպ ու ցանկանում ենք մեր ներդրումը ունենալ նրանց բուժման հարցերում։ Յուրաքանչյուր հանդիսատես կարող է մի մեծ ու կարևոր գործի մասը դառնալ»,– ընդգծեց Մարտիրոսյանը։
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ արցախյան պատերազմի ժամանակ 11 հազար մասնակից է հոսպիտալացվել։ Նրանցից 55% թեթև վիրավորումներ են ստացել, 35% միջին ծանրության, 7% ծանր, իսկ 2% շատ ծանր։ Իր հերթին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը հայտնել է, որ բուժում են ստանում ու վերականգնում են անցնում մոտ 1500 զինծառայող։ 885 մարդ ստացել է առաջին, երկրորդ ու երրորդ կարգի հաշմանդամություն։