Ալիևը խորհուրդ է տալիս փոխել Հայաստանի Սահմանադրությունը

Ադրբեջանի նախագահին անհանգստացնում է հայկական բանակի արդիականացումը, ռևանշի հնարավոր փորձերը, հայերի թուրքատյացությունը, բացի այդ՝ նա իր քաղաքացիներին խոստանում է «վերադառնալ» Երևան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ Հայաստանի հետ հետագա հարաբերություններին, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։

Եվ կրկին Զանգեզուրի, Երևանի ու Սևանի մասին

Այսպես, Ադրբեջանի Հանրապետության նախագահը հերթական անգամ Հայաստանի Սյունիքի մարզն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածք»։

Ադրբեջանը մոնումենտալացնում է մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը. ԱԳՆ

«Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողն է»,-Ալիևի խոսքերը մեջբերել են տեղական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ այս շրջանը Հայաստանին է փոխանցվել 1920թ․-ին, իսկ մինչ այդ «մեզ է պատկանել»։

«Գյոյչա լիճը նրանք Սևան են անվանում։ Բավական է նայել 20-րդ դարասկզբի քարտեզին, դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում է նաև Իրևանին։ Նրանք քանդել են Իրևանի պատմական մասը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, ներառյալ՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ»,-հայտարարել է նա։

Ալիևը խոստանում է, որ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ, բայց ոչ տանկերով։

«Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք նաև Իրևան։ Ժամանակը կգա, և մենք դա կանենք»,-հայտարարել է նա։

Հայկական բանակի ուժեղացումը Ռուսաստանի օգնությամբ անհանգստացնող է

Ադրբեջանի նախագահին անհանգստացում և նրա մոտ հարցեր են առաջացնում Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացման ծրագրերը։

Ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի անարգանքը, որքան մյուսների անտարբերությունը. Արցախի ՄԻՊ

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք մեր ռուս գործընկերներին։ Ինչի՞ համար է դա արվում։ Ռևանշի հասնելու ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի»,-ասել է նա։

Նրա խոսքով, ադրբեջանական սահմանապահ զորքերը գտնվում են հայկական կողմի անմիջական հարևանությամբ, սակայն ոչ մի միջադեպ տեղի չի ունենում, ինչը վկայում է ռազմական պլանների բացակայության մասին:

«Առանց Թուրքիայի միջանցք չի լինի»

Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման․ մասնավորապես՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքով միջանցք բացելու մասին, Ալիևը հայտարարել է, որ այն չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։

«Թուրքիան երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի անդամ չէ։ Սակայն մենք Թուրքիային տեղեկացնում ենք այն հարցերի մասին, որոնք քննարկում ենք։ Եթե Հայաստանը ցանկանում է վերջ դնել հարաբերություններում առկա խնդիրներին, դառնալ տարանցիկ երկիր, դա կարող է անել միայն Թուրքիան»,-ավելացրել է նա։

«Հրաժարվել Թուրքիայի հանդեպ հավակնություններից»

Ալիևը Հայաստանին նաև մեղադրել է թուրքատյացության և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների մեջ։ Նրա խոսքով՝ թուրքական կառավարությունը նախատեսում է կառուցողական քայլեր ձեռնարկել, բայց Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա։

«Ի՞նչ պետք է անի Հայաստանն առաջին հերթին։ Նրանք պետք է հրաժարվեն Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից, փոխեն Սահմանադրությունը, ընդունեն նորը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Հատուկ հայտարարություն կլինի. Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին

Պաշտոնական Երևանը Ալիևի այս և մյուս աղմկահարույց հայտարարություններին առայժմ չի արձագանքել։