ԱԺ–ն ՀԾԿՀ նոր անդամ կընտրի. թեկնածուն խոստացավ ոլորտն ուսումնասիրել ընտրվելուց հետո

«Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն հիմնականում խուսափողական պատասխաններ տվեց էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումներին վերաբերող հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը խորհրդարանի այսօրվա նիստում ներկայացրեց իշխող խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:

«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի. նա երդմամբ ստանձնեց մանդատը

«Պարոն Բունիաթյանը մասնագիտությամբ ճարտարագետ է: 2019թ.–ից մինչ օրս աշխատել է «Էներջի Գրուպ» ընկերությունում որպես տեխնիկական տնօրեն: Քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, կուսակցական պատկանելիություն չունի»,- ասաց Թունյանը:

Նշենք, որ 2007-14թթ–ին Բունիաթյանն աշխատել է Հայաստանի էլեկտրական ցանցերում։

Նա պատասխանեց պատգամավորների հարցերին և նշեց, որ ընտրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները ներդնելու է ՀԾԿՀ իրավասության ներքո գտնվող խնդիրների կարգավորմանը։ Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումներին վերաբերող հարցերին թեկնածուն հիմնականում խուսափողական պատասխաններ տվեց` նշելով, որ խնդիրը կուսումնասիրի արդեն նոր աշխատանքի անցնելուց հետո։ Այս պատասխանը, սակայն, չգոհացրեց պատգամավորներին։ Նրանցից ոմանք Բունիաթյանին մեղադրեցին հնարավոր նոր աշխատանքային ոլորտը նախապես չուսումնասիրելու համար։

Հիշեցնենք` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր էր մնացել 2020թ–ի նոյեմբերի 17-ից, երբ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ու նշանակվել Կոտայքի մարզպետ։