Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 300 հայ պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ–ն՝ ադրբեջանցի 1 խոսնակի

Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություններ, իրականացրել է միջազգային կոնվենցիաներով արգելված գործողություններ, կիրառել զանգվածային ոչնչացման քիմիական զենքեր։ Բայց ադրբեջանցի որևէ պաշտոնյայի ու ռազմական գործչի մեղադրանք չի առաջադրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել շուրջ 300 հայ պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ ՀՀ դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի այս քայլին։

«Ի վերջո դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություններ, իրականացրել է այնպիսի քրեական հանցագործություններ, որոնք մերժելի են մի շարք օրենքներով, կոնվենցիաներով, զանգվածային ոչնչացման քիմիական զենքեր է կիրառել։ Բայց որևէ հիմքով մենք չունենք Ադրբեջանի ռազմական ու քաղաքական գործիչների նկատմամբ հետախուզում»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս պահին մեկ ադրբեջանցու է հետախուզում՝ ֆուտբոլային մեկնաբանի։

Պատգամավորի համոզմամբ` հատկապես Ադրբեջանի վերջին քայլից՝ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացումից հետո Հայաստանը պետք է մտածի այդ ուղղությամբ ու միջազգային ասպարեզում ազատ տեղաշարժի դժվարություններ ստեղծի ադրբեջանցի պաշտոնյաների համար՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով։

Ադրբեջանը մոնումենտալացնում է մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը. ԱԳՆ

Հիշեցնենք՝ 2020թ-ի նոյեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն որոշում էր կայացվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ քրեական գործ հարուցելու՝ ազգային և ռասայական թշնամանք, հրապարակային ցեղասպանություն հրահրելու մեղադրանքով։

Այս տարվա մարտին ՀՀ գլխավոր դատախազությունը Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հետախուզում հայտարարեց։

Դավիթ Բեկ–Շուռնուխ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայերի մեքենայի վրա

Ադրբեջանը չի հրապարակել բոլոր այն հայ պաշտոնյաների ցանկը, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։

Մամուլից հայտնի է, որ այդ ցանկում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ Ջալալ Հարությունյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանը պիտի պատժվի Մարաղայում իրականացրած ցեղասպան գործողությունների համար. Արցախի ԱԳՆ