Թաթուլ Խուդատյանի դիտարկմամբ` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և մի խումբ իրավաբանների ու փաստաբանների հանդիպման ձևաչափն այնպիսին էր, որ նախագահն ըստ էության լսեց հանդիպմանը ներկա իրավաբանների և մասնագետների կարծիքը, և այդ հանդիպման ընթացքում նա որևէ կանխակալ կարծիք նախապես չհայտնեց, պարզապես ցանկանում էր քննարկվող հարցերի շրջանակներում պարզել մասնագետների դիրքորոշումները տվյալ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։
«Հանդիպմանը ներկա բոլոր մասնագետներն էլ հիմնականում բացասական վերաբերմունք և կարծիքներ ունեին այդ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Մի մասը նշում էր, որ դրանք ինստիտուցիոնալ ու հայեցակարգային չեն, իսկ մյուս մասն էլ նշում էր, որ այդ փոփոխությունները իրավիճակային են, այսինքն` կոնկրետ իրավիճակից բխող։ Այդուհանդերձ հակասահմանադրականության առումով գրեթե բոլոր իրավաբանների կարծիքները համընկնում էին, այն է` այդ օրենքները որոշակիության սկզբունքից ելնելով` կարող են համարվել հակասահմանադրական»,– Sputnik Արմենիային ասաց փաստաբանը, որը նույնպես ներկա է եղել ՀՀ նախագահի հետ հանդիպմանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինքն ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանից, Խուդատյանն ընդգծեց, որ կոնկրետ դատավարության մասնակիցների իրավունքների սահմանափակումների առթիվ Սահմանադրությանը հակասելու տեսանկյունից ՍԴ–ն կարող է դիտարկել խնդիրը, և այդ մասով ՍԴ–ն կարող է հաստատել, որ այդ դրույթները, սահմանափակումները հակասում են Սահմանադրությանը
Փաստաբանի կարծիքով` Դատական օրենսգրքի մյուս բոլոր փոփոխությունների առթիվ դժվար է որևէ կանխատեսում անել, թե ՍԴ–ն ինչ եզրակացության կհանգի, և հնարավոր է, որ դատական այդ ատյանը հանդես գա այլ մեկնաբանություններով, բայցևայնպես Խուդատյանը կանխատեսեց, որ Դատական օրենսգրքի փոփոխությունների օրենքը մի մասով ՍԴ–ի կողմից կարող է ճանաչվել հակասահմանադրական։
Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների` Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։
Սահմանադրական դատարանն ապրիլի 12-ին մուտքագրել է Դատական օրենսգրքում լրացումների և փոփոխությունների օրենքի հարցով ՀՀ նախագահի դիմումը։ Դիմումի նախնական ուսումնասիրման համար 20-օրյա ժամկետ է սահմանված։
Սարգսյանը մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ հանդիպում էր ունեցել ապրիլի 6–ին։