Պաշտոնական. ՌԴ–ն ժամանակավորապես դադարեցնում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանցիները առնվազն մինչև հունիսի 1-ը չեն կարողանա Թուրքիա մեկնել։ Մինչ այդ արգելվելու են կանոնավոր և չարտերային թռիչքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը, ընդ որում` և՛ կանոնավոր, և՛ չարտերային չվերթերը։

Հունաստանը ևս 15 օրով երկարաձգում է միջազգային չվերթերի սահմանափակումները

Տուրօպերատորներին խորհուրդ է տրվել դադարեցնել Թուրքիայի ուղղությամբ նախատեսված տուրերի վաճառքը։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը կասեցնելու է ավիահաղորդակցությունը նաև Տանզանիայի հետ։

Գոլիկովայի խոսքով` Թուրքիայում գտնվող ռուսաստանցիները հանգիստը շարունակելու կամ չարտերային չվերթերով վերադառնալու հնարավորություն են ունենալու։

«Մենք ուշիուշով կհետևենք, և եթե Թուրքիայի Հանրապետությունում և Տանզանիայի Հանրապետությունում իրավիճակը կայունանա, օպերատիվ կերպով կտեղեկացնենք մեր քաղաքացիներին, որպեսզի տուրեր գնելու հնարավորություն ունենան», – ասել է նա։

Մինչև հունիսի 1-ը Թուրքիայի ուղեգիր գնած զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել փոխել հանգստի ուղղությունը։ Իսկ Ռոստուրիզմին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Թուրքիայի ուղեգրեր գնած զբոսաշրջիկներին օգնելու համար, այդ թվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Թուրքիայում բավական արագ է վատթարանում, ամենաշատը հենց այդ երկրից են Ռուսաստան ներթափանցել կորոնավիրուսի` մուտացիաների ենթարկված մանրէահիմքերը։

Ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հարցին անդրադարձել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ։

Worldometer կայքի համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136 780 665-ի։ Համավարակի զոհ է դարձել 2 951 943 մարդ։ Վտանգավոր վարակի տարածման տեմպերով Թուրքիան 7-րդ տեղում է. վարակվածների թիվն այնտեղ հասել է 3 849 011-ի, իսկ մահվան դեպքերինը՝ 33 939–ի:

Անցած հինգշաբթի Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդ է գրանցվել` մեկ օրում` 55 941 մարդ։ Ուրբաթ և շաբաթ օրերին 55 791 և 52 676 մարդ է վարակվել կորոնավիրուսով։