ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի թիմը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ չի մասնակցի առաջիկա ընտրություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Բնականաբար, նրա համախոհները կամ ընկերները չէին կարող հայտնվել պրոիշխանական ցուցակներում կամ այնպիսի կուսակցությունների ցուցակներում, որոնք նախկին համակարգի հետ կապ չեն ունեցել»,- ասաց նա։
Սուրենյանցի կարծիքով` թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը, թե՛ Սերժ Սարգսյանի փեսան, չեն մասնակցի առաջիկա ընտրություններին։
«Համենայնդեպս, նրա հայտարարությունների տողատակից ես այդպիսի տպավորություն եմ ստացել։ Գուցե սխալվեմ, բայց ինձ մոտ ավելի հաստատուն է դարձել այն տպավորությունը, որ նա չի պատրաստվում ընտրություններին մասնակցել»,- նշեց քաղաքագետը։
Սերժ Սարգսյանի պահվածքն ամաչեցնում է և ստիպում ներողություն խնդրել. Միքայել Մինասյան
Սուրենյանցը համաձայն է Մինասյանի` ընդդիմության հասցեին հնչեցրած քննադատությունների հետ, ասում է` նրանց այդպես էլ չհաջողվեց հստակ քաղաքական օրակարգ ձևավորել։
Հիշեցնենք` ապրիլի 9-ին «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հետ հարցազրույցում Միքայել Մինասյանն ասել էր` եթե որոշի մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դա կանի իր դեմքով։