Հայաստանում եթե անձը նախընտրում է Covid–ի դեմ կոնկրետ պատվաստանյութ, նրան չեն հերթագրում

Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոտ 700 000 մարդու պատվաստել կորոնավիրուսի դեմ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik.Հայաստանում 600 մարդ արդեն հերթագրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Ապրիլի 9-ի տվյալներով` հերթագրվել է 600 քաղաքացի։ Հերթագրվող քաղաքացուն ի սկզբանե տեղեկացնում ենք, որ այս պահին կոնկրետ որևէ պատվաստանյութի համար չենք հերթագրում։ Հիմնական անհանգստացողները ռիսկի խմբի անձինք են և տարեցները»,- նշեց Սահակյանը։

Նրա խոսքով`եթե անձը նախընտրում է որևէ կոնկրետ պատվաստանյութ, այս պահի դրությամբ նրան չեն հերթագրում:

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներմուծի նաև Չինաստանից. նախարար

Նշենք, որ 55-ից բարձր տարիքի և ռիսկի խմբերում ներառված անձանց մոտ ապագայում նախատեսվում է պատվաստել AstraZeneca պատվաստանյութով, իսկ մինչև 55 տարեկաններին՝ «Սպուտնիկ V»-ով:

Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոտ 700 000 հոգու պատվաստել կորոնավիրուսի դեմ:

Հիշեցնենք, որ AstraZeneca-ով պատվաստումները Երևանում նախատեսվում է սկսել ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից: Այս պատվաստանյութի փաստաթղթային ձևակերպման բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, այն արդեն բախշվում է բժշկական կազմակերպություններին: Ինչ վերաբերվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ներկայում իրականացվում են փաստաթղթային ձևակերպումները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:

Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» և «Սպուտնիկ V » պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 և 15 000 խմբաքանակներով:

Մահճակալներն անսահմանափակ չեն. կորոնավիրուսի վարակման թվերի նվազում դեռ չկա