ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik․ Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կարող են տուգանել որդու հարսանիքին գիշերային հրավառություն իրականացնելու համար։ Ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային փոխանցեցին, որ արդեն կազմվել է հրավառության կազմակերպչի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն լռությունը խախտելը)։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ», – մանրամասնեց բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա հստակեցրեց, որ առայժմ տուգանքի որոշում չի կայացվել. հնարավոր է՝ տրվի միայն նախազգուշացում։ Օրենսգրքի հոդվածը սահմանում է պատիժ՝ նախազգուշացումից մինչև տուգանք 100 հազար դրամի չափով։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում։ ԶԼՄ-ների հաշվարկներով՝ հարսանիքի համար ծախսվել է ավելի քան 3 մլն դոլար։