Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Սահմանափակումները ենթադրում են ուղևորությունների արգելք և ակտիվների սառեցում, այնպիսի սարքավորումների արտահանման արգելք, որոնք կարող են օգտագործվել ներքին ճնշումների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ «սև ցուցակում» ներառելով ութ անձի և երեք ընկերության։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

Ի՞նչն է թևեր տալիս Իրանին. Վարդանյանը` մեր հարևանի կոշտ հռետորաբանության մասին

«Խորհուրդն այսօր որոշել է սահմանափակող միջոցները երկարաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 13-ը՝ ի պատասխան Իրանում մարդու իրավունքների խախտումների», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ֆիզիկական անձինք և կազմակերպությունները ներառվել են պատժամիջոցների ցուցակում, քանի որ նրանք դեր են ունեցել 2019 թվականի նոյեմբերին Իրանում տեղի ունեցած ցույցերին բռնի ուժով արձագանքելու հարցում։

Սահմանափակումները ենթադրում են ուղևորությունների արգելք և ակտիվների սառեցում, այնպիսի սարքավորումների արտահանման արգելք, որոնք կարող են օգտագործվել ներքին ճնշումների համար։ Արգելք կգործի նաև հեռահաղորդակցության մոնիտորինգի սարքավորումներն Իրան արտահանելու համար:

Իսրայելն ԱՄՆ–ին ակնարկում է, որ Իրանի հարցում կարող է գնալ արկածախնդրության. Պողոսյան

Բացի այդ, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է դրամական միջոցներ տրամադրել ցուցակում ներառված ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Հիշեցնենք, որ սահմանափակումները գործողության մեջ են դրվել 2011 թվականին և այդ ժամանակից ի վեր ամեն տարի երկարաձգվում են:

Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները չծառայեցին իրենց գերնպատակին. Տոնոյան