«Արմենալը» 24 հազար քմ չօգտագործվող հող ռեկուլտիվացիայի կենթարկի. մրցույթ կհայտարարվի

Քիմիական հետազոտության արդյունքներից հետո կսկսվի թույլատրության փաստաթղթային ձևակերպումը բնապահպանական մարմինների և Երևանի քաղաքապետարանի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. «ԱՐՄԵՆԱԼ»-ը սկսել է չօգտագործվող հողերի ռեկուլտիվացիայի ծրագրի իրագործումը գործարանի տարածքում: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է,  որ վերականգնման է ենթակա 24 հազար քառ. մետր տարածությամբ տեղամաս, որտեղ գտնվել են Քանաքեռի ալյումինի գործարանի (ԿանԱԶ)  էլեկտրոլիզի երկու արտադրամասերը:

«Արմենալը» 10 %-ով բարձրացրել է ավելի քան 530 աշխատակիցների վարձատրությունը

Ռեկուլտիվացիայի աշխատանքներին նախորդել է էլեկտրոլիզային մասնաշենքերի ապամոնտաժը Հայաստանի ԱԻՆ մասնագետների հսկողությամբ և արդյունաբերական անվտանգության կանոնների պահպանմամբ: Մաքրված տարածքում մինչև երեք մետր խորությամբ հողի նմուշառում է կատարվել 20 մետաղների պարունակության ստուգման համար:

«Ծրագիրը նախատեսում է հողի մակերեսային շերտի փուլային ռեկուլտիվացիա: Քիմիական հետազոտության արդյունքներից հետո կսկսվի թույլատրության փաստաթղթային ձևակերպումը բնապահպանական մարմինների և Երևանի քաղաքապետարանի հետ:Հաջորդ քայլը կլինի վերականգնված տարածքների իրացումը»,–նշված է հաղորդագրության մեջ:

«ԱՐՄԵՆԱԼ»-ի աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության և էկոլոգիայի բաժնի պետ Վահե Թամրազյանը հայտնել է, որ կանցկացնեն մրցույթ մասնագիտացված կազմակերպությունների միջև:  Հաղթողին կհանձնարարեն մշակել մի քանի տարբերակներ, օրինակ, կանաչ գոտու ստեղծում, արևային մարտկոցների համալիր կամ մարզահրապարակ գործարանի հրշեջ ծառայության վարժանքների համար հատվածով։

Աշխատակիցների անվտանգությունն ապահովված է. «Արմենալը» շարունակում է արտադրանք թողարկել

Հիշեցնենք` ԿանԱԶ-ի էլեկտրոլիզային արտադրությունը դադարեցվել էր բնապահպանական պատճառներով 1984 թ., որից հետո ձեռնարկությունն ամբողջապես անցել էր ալյումինե փայլաթիթեղի արտադրության:

«Արմենալը» ստեղծվել 2000 թ. մայիսին  Երևանում Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: «Արմենալը» «ՌՈՒՍԱԼ»-ի կազմի մեջ է մտել 2000 թվականից: