ՌԱԴԻՈ

Անշարժ գույքի շուկայում սպասողական իրավիճակ է. Ապրիյան 

Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք անշարժ գույքի շուկայում տիրող վիճակի և եկամտահարկի վերադարձի օրենքի վերաբերյալ կառավարության դիրքորոշման մասին։
Sputnik

 

Անշարժ գույքի շուկայում սպասողական իրավիճակ է. Ապրիյան 

Անշարժ գույքի շուկայում եղած պասիվությունը պայմանավորված է արտարժույթի տատանումներով և գալիք ընտրություններով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը։

 

«Ասել, թե շուկան բոլորովին կանգնած է, միանշանակ այդպես չէ։ Առաջնային շուկայի նկատմամբ պահանջարկը համեմատաբար բարձր է երկրորդայինից։ Եկամտային հարկի վերադարձի օրենքով պայմանավորված` առաջնային շուկայում ունենք համեմատաբար ակտիվացում ի տարբերություն երկրորդային շուկայի»,- ասաց նա։

Նրա գնահատմամբ` պասիվության հիմնական գործոններից մեկն էլ քաղաքական անկայունությունն է, որը և՛ գնորդներին, և՛ վաճառողներին ստիպում է ոտքը կախ գցել, սպասել։ Ինչ վերաբերում է եկամտային հարկի վերադարձման մասին օրենքի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշմանը, ապա այն բացասական ազդեցություն կունենա ընդհանուր շուկայի վրա։

Պատերազմն ավարտվեց, գնացինք բնակարան գնելո՞ւ. ի՞նչ է կատարվում ՀՀ անշարժ գույքի շուկայում

«Մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Բոլորը հասկանում են այդ օրենքի և դրա շարժիչ ուժի մուլտիպլիկատիվ էֆեկտը, հետևաբար դա փոխելը կամ իսպառ վերացնելը իրոք կկանգնեցնի անշարժ գույքի շուկան և բոլոր պրոցեսները, որոնք առայսօր կան ՀՀ-ում»,- նշեց Ապրիյանը։

Հիշեցնենք` ապրիլի 7-ին  ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը  հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը` չբացառելով գործող կարգի դադարեցման հնարավորությունը։ Նա նշել էր, որ այս ծախսը բնույթով սոցիալական չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում, կան շատ ավելի կարևոր առաջնահերթություններ:

Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում

Ֆինանսների փոխնախարարը հայտնել էր, որ համակարգի վերանայման դեպքում այն քաղաքացիները, ովքեր արդեն օգտվում են եկամտահարկի վերադարձման գործող կարգից, կշարունակեն օգտվել դրանից մինչև իրենց հիփոթեկային պայմանագրերի ավարտը։

Նշենք, որ եկամտահարկի վերադարձի որոշումը հիփոթեքային վարկավորման պարագայում ընդունվել է 2015թ–ին և տարածվել 2014թ–ի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Թանկ և էժան տներ Հայաստանում. ով որքան է վճարելու անշարժ գույքի համար