Մալթան պատրաստ է մինչև 200 եվրո վճարել յուրաքանչյուր զբոսաշրջիկի

Կորոնավիրուսի համավարակից հետո տուրիզմը վերականգնելու համար երկիրը պատրաստ է լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Մալթան պատրաստ է յուրաքանչյուր զբոսաշրջիկի մինչև 200 եվրո վճարել՝ այդ կղզում առնվազն 3 օր անցկացնելու դեպքում։ Reuters-ի հաղորդմամբ՝ երկիրը լուրջ ֆինանսական ներդրումներ է կատարում՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժած զբոսաշրջային ոլորտը վերականգնելու համար։

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջին երկիրը, որ կվերականգնի զբոսաշրջության ոլորտը

Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարտոլոն հայտարարել է, որ, ինչպես ակնկալվում է, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կչեղարկվեն հունիսի 1-ին։ Ուստի այն զբոսաշրջիկները, որոնք ամրագրումներ կանեն անմիջապես տեղական հյուրանոցներից, կստանան «պարգևատրում-փոխհատուցում»։

Նախարարի խոսքով՝ 5-աստղանի հյուրանոցում առնվազն 3 օր համար ամրագրած զբոսաշրջիկները Տուրիզմի նախարարությունից կստանան 100 եվրո, որը կկրկնապատկի հյուրանոցը, արդյունքում, ընդհանուր առմամբ զբոսաշրջիկը 200 եվրո կստանա։ 4-աստղանի հյուրանոցում ամրագրում կատարած զբոսաշրջիկը կստանա 150 եվրո, իսկ 3-աստղանիում՝ 100 եվրո։

«Այս ծրագրի նպատակն է Մալթայի հյուրանոցների համար ապահովել մրցակցային պայմաններ, քանի որ միջազգային զբոսաշրջությունը վերսկսվում է», - ասել է Բարտոլոն:

Ակնկալվում է, որ այս ծրագիրն «օգուտ կբերի» մոտ 35 000 այցելուի:

Նշենք, որ զբոսաշրջությունը կազմում է միջերկրածովյան այս կղզու տնտեսության ավելի քան 27 տոկոսը։ 2019 թվականի ընթացքում Մալթա էր այցելել մոտ 2,7 միլիոն մարդ։ Այս ցուցանիշը 2020-ի ընթացքում գրեթե 80 տոկոսով անկում է ապրել։
Եվրոպական Միությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամենաբարձր ցուցանիշը հենց Մալթայինն է՝ առնվազն մեկ չափաբաժին 42% մեծահասակների համար։

Զբոսաշրջային սեզոնը մոտենում է․ ո՞ր երկրներ կարող են մեկնել հայաստանցիները

Ի դեպ, Մալթայի կառավարությունը կոչ է արել ԵՄ-ին՝ պատվաստումների անձնագրեր ներմուծել ուղևորությունները դյուրացնելու համար: