Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ

Ռուսական զորակազմի հետ բանակցություններ են վարվում՝ հետագա դեպքերը բացառելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանցիները կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ուղղությամբ։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, Արցախի ոստիկանություն կրակոցների մասին հաղորդում չի ստացվել, այդ մասին ավելի ուշ է հայտնի դարձել։

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

«Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։ Հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է, բայց մենք ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ավելի ենք ուժեղացրել ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերը»,- նշեց Թադևոսյանը։

Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։

Թադևոսյանի խոսքով՝ նախարարի մակարդակով բանակցություններ են անցկացվել նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հետ՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։ Ադրբեջանական կողմից էլ նշել են, թե կրակոցները թիրախավորված չեն եղել։

Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։

«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները գրեթե 20 րոպե են շարունակվել։

Հուսով ենք` ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին. Արցախի նախագահի խոսնակ

Նշում է՝ նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։

Դրանից հետո գյուղում խուճապ չկա, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են, թեպետ նշված դաշտում աշխատել դեռ վախենում են։

Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։