ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. 39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2021թ ապրիլի 11-ին՝ ժամը 17:05-ին, ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Դ.Անհաղթի շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981թ. ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դիակի կողքին հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։ Ատրճանակը՝ որպես պարգևատրում, տրվել է ինքնասպանություն գործած կնոջ հորը։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի վայրից վերցվել են հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը և գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։
Սպանություն Արցախում. գլխի և ոտքի վրա կտրված վերքերով դիակ է հայտնաբերվել
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):
Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ մահացած կնոջ հայրը Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության գեներալ-լեյտենանտ է, որը 1996թ.–ին ավարտել է ծառայությունը սահմանապահ զորքերում: