Թագավորական քեֆը սկսված է. հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի առաջին կադրերը

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարսն ու փեսան մտնում հանդիսությունների սրահ և ռուսաստանյան ու հայաստանյան որ աստղեր են ելույթ ունենում հարսանեկան հանդիսությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Համացանցում կադրեր են հրապարակվել ռեստորանային համալիրից, որտեղ նշվում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը:

Երգչուհի Maga Hov-ի հրապարակած տեսագրություններում երևում է ռեստորանի ծաղկային զարդարանքը, ինչպես նաև հատվածներ հայ և ռուս հայտնի աստղերի ելույթներից: Դատելով կադրերից՝ հարսանիքը վարում են հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև ռուս էստրադային աստղ Նիկոլայ Բասկովը: Ելույթ են ունենում երգիչներ Արման Հովհաննիսյանը և Արամ MP3-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարսանիքին ելույթ են ունենալու Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, «A studio» խումբը, իսկ տոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել են նախորդ օրը։

Ծառուկյանի որդին՝ Նվերը, 21 տարեկան է, նրա ընտրյալը Արփի Ավետիսյանն է: Զույգը նշանվել էր 2019-ի ամռանը:

Հարսնացուի հայրը, ըստ մամուլի, Ուֆայի հայտնի գործարար Բյուզանդ Ավետիսյանն է` Ուֆայի Բյուզանդը։

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը Ծառուկյանն իր դստերը՝ Անահիտին, ամուսնացրեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հետ: Ծառուկյանի և Սուքիասյանի երեխաների հարսանիքին ներկա էին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։