ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուկրաինացի գործընկերոջ` Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ աջակցում է «Ղրիմի պլատֆորմին»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Զելենսկին Ստամբուլ է մեկնել թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
«Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է չճանաչել Ղրիմի անեքսիան (բռնազավթում. խմբ)։ Խորհրդի աշխատանքի ընթացքում մենք հաստատեցինք, որ աջակցում ենք «Ղրիմի պլատֆորմին», որի նպատակը Ուկրաինայի հողերը միավորելն է: Ուզում ենք, որ այդ հարթակը լուծում դառնա Ղրիմի թաթարների և Ուկրաինայի համար», - ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան որպես պատմական և հումանիտար պարտականություն է դիտարկում իրենց հայրենիքը հարկադրված լքած Ղրիմի թաթարների կյանքի չափանիշների բարձրացումը:
«Մենք ծրագրում ենք մզկիթ կառուցել մեր թաթար եղբայրների համար։ Հուսով եմ` առաջիկայում ենք առաջին քայլը կանենք այդ նախագծի իրականացման համար», - հավելել է Էրդողանը։
«Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովը, որտեղ Կիևը մտադիր է քննարկել Ղրիմը «վերադարձնելու» հարցը, նախատեսված է օգոստոսի 23-ին: Ուկրաինական կողմը պլատֆորմին միանալու առաջարկ է արել մի շարք պետությունների, այդ թվում՝ Լիտվային, Թուրքիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Կանադային և ԱՄՆ-ին:
«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը
Ղրիմը ռուսական տարածաշրջան է դարձել 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեից հետո, երբ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ էին արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան շարունակում է համարել, որ Ղրիմն իր տարածքն է, որը ժամանակավորապես օկուպացվել է։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը վերջնականապես փակված է:
ՌԴ-ն չի ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Պեսկով