ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik.Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել։
Ադրբեջանի զինված ուժերն Արցախի Հանրապետության Մարաղա ավանի բնակչության ցեղասպանությունն իրականացրել են 29 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին։
«Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատեցին, որոշներին վառեցին, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարեցին»,– ասված է հայտարարության մեջ։
ԱԳՆ–ն նաև արձանագրում է, որ այդ ոճրագործության հեղինակներն ու կատարողներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչմանը, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով:
«Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը»,– փաստում է Արցախի ԱԳՆ–ն` հիշեցնելով, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն։
Մարաղան (նախկին անվանումը` Մարգուշևան, Լենինավան) ԼՂՀ Մարտակերտի շրջանի հայաբնակ գյուղ էր։
Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը՝ գերեվարվել։ Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար։ Տվյալները հաստատել է Հելսինկի Ուոչ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Հայկական կողմը Մարաղայի կոտորածը գնահատում է որպես ցեղասպանություն։
Ադրբեջանցի պաշտոնյան փորձում է Հայաստանի ներքաղաքական լարվածությունը մեծացնել. Բաբայան