Երևան–Գյումրի ճանապարհին ընթացող ակցիայի պատճառով ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել է

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան մայրուղին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik.Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով ստեղծված ֆորսմաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր առավոտից փակել են Գյումրի–Երևան ճանապարհը և հայտարարել, որ կբացեն միայն իրենց հարազատների վերադարձի մասին ստույգ ու սպառիչ տեղեկություն ստանալուց հետո: