Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները խոսել են Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում». Լևոն Տեր–Պետրոսյան

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Դոնբասի, Ղարաբաղի, Սիրիայի, «Սպուտնիկ V»–ի և Սև ծովի մասին Մոնտրյոյի կոնվենցիան:

Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել իրադրության հետագա կայունացման ապահովման, 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ Ռուսաստանի քայլերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին:

«Փոխադարձ կարծիք է հնչել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին», - նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա ու հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը: Ապրիլի 8-ին Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, իրադրության հետագա կայունացումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն:

Պուտինը փորձում է հասկանալ Փաշինյանի ու Քոչարյանի դիրքորոշումն Արցախի հարցում. Հակոբյան