Պաշտպանության նախարարության աշխատակիցները դուրս եկան շենքից

Չնայած անհետ կորածների և գերիների հարազատներն ասացին, որ գոհ չեն ԳՇ պետի հետ հանդիպումից, սակայն թույլ տվեցին, որ նախարարոեւթյան աշխատակիցները լքեն շենքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները, որոնք երեկ առավոտից մնացել էին շենքի ներսում, քիչ առաջ սկսեցին դուրս գալ այնտեղից։

Նշենք, որ երեկվանից ՊՆ-ի ելք ու մուտքերը փակել են զոհվածների և գերիների հարազատները։

Երևան-Գյումրի երկաթգծի աշխատանքը վերականգնվել է. ճանապարհը բացել են

Քիչ առաջ նրանք հանդիպեցին ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։ Եվ չնայած հարազատներն ասացին, որ գոհ չեն հանդիպումից, սակայն թույլ տվեցին, որ նախարարոեւթյան աշխատակիցները լքեն շենքը։ Նախ դուրս եկան կանայք, հետո նաև տղամարդիկ։

ՊՆ դարպասների մոտ կայանած մեքենաներին նույնպես այժմ հեռացնում են մուտքի մոտից։
Զոհվածների և գերիների հարազատները դեռ չեն հեռացել տարածքից, նրանք քննարկում են իրենց հետագա անելիքները։

Հիշեցնենք` երեկ լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

Դրանից հետո ռազմագերիների հարազատները միացան անհետ կորածների հարազատներին, որոնք հավաքվել էին ՊՆ–ի մոտ։ Նրանք այսօր ամբողջ օրը փակ էին պահում ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չէին տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան շենքից։ Օրվա ընթացքում Sputnik Արմենիան ֆիքսեց, որ որոշ աշխատակիցներ տարածքը լքում են ուղղաթիռով։