ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Նրանք ստացել են հրազենային և սուր, կտրող–ծակող առարկայի հարվածից վնասվածքներ:
Կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանի մոտ գործող սգո սրահներից մեկի մոտ, և այս պահին նշված վայր են ժամանում ոստիկաններն ու քննիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկով այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի 9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության հետ:
Դեպքի վայրի զննություն է կատարվում, որտեղ հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել է կրակված գնդակ: Նախնական տեղեկություններով՝ Mercedes–ի վարորդը ոչ մի կապ չունի նշված միջադեպի հետ, նա եկել է իր հարազատի հոգեհանգստի արարողությանը: