ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Հրայր Հովնանյանը մարդ էր, որի համար Հայաստանը պարզ զգացմունքի հայրենիք չէր, այլ անկեղծ նվիրումի և հավատարմության նպատակակետ, որին ծառայեց մինչև իր կյանքի վերջը, ծառայեց այդ բառի ամենալայն իմաստով: Ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ իր ցավակցական հեռագրում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Բախտ եմ ունեցել անձամբ ճանաչել Հրայր Հովնանյանին և նրա ընտանիքին. այնպես, ինչպես նա էր խոսում, մտածում Հայաստանի մասին, այնպես, ինչպես նա էր իր հնարավորություններն ի սպաս դնում ի շահ Հայաստանի ու Արցախի, դեռ պիտի կարողանալ ու դեռ պիտի ձգտել»,– նշել է նախագահը։
Նրա խոսքով` Հովնանյանն իր տեսակով հավատարիմ էր իր ազգությանն ու ծագմանը, պատմական հայրենիքի մասին հիշողությանն ու հայրենիքի ապագայի մասին ծրագրերին: «Հավատարիմ էր իր էությամբ ու նկարագրով, հավատարիմ էր իր գործով ու ապրած կյանքով: Հավատարիմ էր իր ընտանիքով և զավակներով։ Անկեղծ ցավակցություններս ու վշտակցության խոսքերս եմ հղում Հովնանյան ընտանիքին և Հովնանյան գերդաստանին»,–նշված է ուղերձում։
Հիշեցնենք` ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը կյանքից հեռացել է 91 տարեկանում:
Հանգչիր խաղաղությամբ. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանի մահվան կապակցությամբ