ՀՀ պաշտպանության նախկին նախարարը դիմել է Արթուր Դավթյանին. նա պահանջում է քրգործ հարուցել

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի` հանցագործության մասին հաղորդումը հրապարակել է նրա փաստաբանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի հայտնի քրգործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը փոստային առաքման միջոցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Փաստաբան Կարեն Սարդարյանը Հարությունյանի խնդրանքով հրապարակել է Դավթյանին ուղղված` հանցագործության մասին հաղորդումը։

«Հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով պաշտպանական կողմի համոզմամբ կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն»,– Facebook–ի իր էջում գրել է փաստաբանը:

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ որոշում էր կայացրել մարտի 26-ին։

«Պահանջում եմ իմ նկատմամբ` ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը չդադարեցնելու, այսինքն` ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու փաստով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4-րդ մասով»,– նշված է Միքայել Հարությունյանի դիմումում։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Սակայն 2018 թվականին Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց, որ ռուսական կողմից գրավոր ծանուցում է ստացել Հարությունյանի նկատմամբ հետախուզությունը դադարեցնելու մասին: Նշենք, որ նախկին նախարարը նաև ՌԴ քաղաքացի է։

«Ասացի` պատրաստ եմ օգնել, Տոնոյանը ասաց` կարիքը չկա». Միքայել Հարությունյան