Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ չեն կարող շահագործել հանքավայրը. ի՞նչ է սպասվում Սոթքին

Թե այժմ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սոթքի հանքավայրին, Շահազիզյանը դժվարանում է պատասխանել։ Իր տեղեկություններով` ալիևյան GPS-ով կիսով չափ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքավայրը դեռևս չի բաժանվել, իսկ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ը շարունակում է այն շահագործել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Նավթ ու գազ չունենալը դեռ չի նշանակում, որ Հայաստանն օգտակար հանածոներ չունի և աղքատ երկիր է։ Հայաստանի ընդերքը բավականին հարուստ է, պարզապես պետք է կարողանալ դրանից օգտվել` չմոռանալով շրջակա միջավայրի պահպանության մասին։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի Սոթքի հանքավայրում հաստիքներ չկրճատվեն

«Եթե մեր տարածքում է կուտակված մոլիբդենի համաշխարհային պաշարների 7 տոկոսը և պղնձի պաշարների 2 տոկոսը, դա արդեն բավականին լուրջ ցուցանիշ է»,- ասաց նա։

Նրա խոսքով` Սոթքի ոսկու հանքավայրը ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի խոշորագույն հանքերից է, որը լայն թափով սկսել է շահագործվել դեռևս խոհրդային տարիներին։ Այնտեղ բավականին մեծ քանակությամբ ոսկու պաշարներ կան։

Ըստ բանախոսի` մինչև 90-ականների վերջը հանքավայրը շահագործվում էր փակ եղանակով, հետագայում` ելնելով տնտեսական նպատակահարմարությունից, հանքավայրը սկսեցին բաց եղանակով շահագործել. այդպես ավելի քիչ փող է ծախսվում։

«Եթե մենք ունենք արմատային հանքավայր, որը երակների տեսքով է, ապա ստորգետնյա ուղիով այդ երակը բռնում և երակով գնում են, բայց եթե հանքավայրի տիպն այլ է, նրանում եղած օգտակար նյութերը ցրված վիճակում են` ընտրվում է բաց եղանակը։

Բնականաբար բաց եղանակը մոտ 2-3 անգամ ավելի էժան է, քան ստորգետնյա եղանակը»,- նշեց նախկին նախարարը։

Թե այժմ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սոթքի հանքավայրին, Շահազիզյանը դժվարանում է պատասխանել։ Իր տեղեկություններով` ալիևյան GPS-ով կիսով չափ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքավայրը դեռևս չի բաժանվել, իսկ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ը շարունակում է այն շահագործել։

«Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն այնտեղ շահագործում չի իրականացնում։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ հանքավայրը երկու տարբեր պետություններ կարող են շահագործել` բաց հանքի դեպքում դա տեխնիկապես հնարավոր չէ։ Նշանակում է` ո՛չ Հայաստանը պետք է աշխատի, ո՛չ Ադրբեջանը»,- ընդգծեց Շահազիզյանը։

Սոթքի հանքի 300 աշխատակից փաստացի անգործ է մնացել. Թագուհի Թովմասյանի ահազանգը

Նախկին նախարարին մեկ հարց է հուզում՝ եթե Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությանն իսկապես մտահոգում էր մեր երկրի տնտեսական հեռանկարը` ինչու պատերազմի որոշակի փուլում մեր զորամիավորումներն այնպիսի դիրքերում չկանգնեցրին, որ հանքը բաժանելու մասին խոսք անգամ չլիներ։