ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ՌԴ-ի հետ եղբայրության կողմնակից է, քանի որ կարծում է` Հայաստանի և Ռուսաստանի շահերը 90 տոկոսով համընկնում են։ Մինասյանը նման կարծիք հայտնեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հետ հարցազրույցում։
«Հայաստանը պատերազմելու ռեսուրս չունի։ Մենք չենք կարող շարունակել խայտառակված երկիր մնալ` պետք է արժանապատիվ խաղաղության աշխատանքներ սկսենք, իսկ դրա համար մենք պետք է հասկանանք՝ ո՞ւմ շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ։ Միանգամից ասեմ՝ այսօր դա Մոսկվան է, դրան այլընտրանք չկա, ով ինչ ասում է՝ խաբում է»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` նույնիսկ այսօր Մոսկվայի հետ հարաբերություններում ՀՀ-ն պարտվողական կարգավիճակում է։ Մինասյանը նշեց` պետք է հետ բերենք մեր լավ ելակետային դիրքերն առաջին հերթին Մոսկվայում։
Միքայել Մինասյանը նաև պնդեց, որ հնարավոր է փորձել հետ բերել Շուշին և Հադրութն առանց պատերազմի։ Նա ասաց նաև, որ կամ այսօր պետք է իրականությունն ընդունենք ու դեպի ապագա գնանք, կամ էլ ապագա չենք ունենալու. «Ես ապագայի կողմնակիցն եմ, ես եթե սկսեմ, սկսելու եմ հանուն ապագայի, ոչ թե հանուն անցյալի»։
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են ռազմատեխնիկական համագործակցությունը
Հիշեցնենք, որ այսօրվա հարցազրույցում Մինասյանը նաև ասել էր` եթե որոշի մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դա կանի իր դեմքով։